Ամերիկացի բոլոր դիվանագետները լքել են Վենեսուելան

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վենեսուելայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցները լքել են Բոլիվարյան Հանրապետության տարածքը։

«Վենեսուելայում մնացած ամերիկացի բոլոր դիվանագետները լքել են երկիրը», - Պոմպեոյի հայտարարությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Ես գիտեմ, որ դա դժվար պահ էր նրանց համար։ Նրանք ամբողջությամբ իրենց նվիրել էին Վենեսուելայի ժողովրդին օգնելու գործին, որոնք ժողովրդավարություն և լավ ապագա են ցանկանում։ Ամերիկացի դիվանագետներն այժմ իրենց առաքելությունն են կատարում այլ վայրերում, որտեղից կարող են օժանդակել հումանիտար օգնության՝ Վենեսուելա հասնելուն։ Մենք կվերականգնենք մեր դիվանագիտական ներկայությունը, երբ Վենեսուելայում վերականգնվի ժողովրդավարական իշխանությունը», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Մարտի 11-ի երեկոյան Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում իրենք պատրաստվում են Վենեսուելայից հետ կանչել իրենց դիվանագիտական անձնակազմի բոլոր անդամներին։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.