ՆԱՏՕ-ն զորքեր է տեղակայում ՌԴ սահմանների մոտ․ ՌԴ Անվտանգության խորհուրդ

ՆԱՏՕ-ն իր զորքերն է տեղակայում Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խմբի զինվորների քանակը երկու տարվա ընթացքում 25 հազարից դարձել է 40 հազար։ Մասնավորապես, Մերձբալթյան տարածաշրջանում տեղակայված են տակտիկական խմբի ուժեղացված գումարտակներ։

Պոպովն ընդգծել է նաև, որ իրականացվում է «3՝ 30» ամերիկյան նախաձեռնությունը, որը ենթադրում է 30 օրում 30 գումարտակ, 30 ավիացիոն էսկադրիլ և 30 ռազմանավ գործի դնելու պատրաստվածություն։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի՝ Եվրոպական հրամանատարության ղեկավար, ամերիկացի գեներալ Կերթիս Սկապարոտին հայտարարել էր, որ «եվրոպական անվտանգության նախաձեռնության» շրջանակներում Ռուսաստանին զսպելու համար անհրաժեշտ է ներգրավել լրացուցիչ ավիացիոն և ծովային ուժեր։

Ավելի վաղ Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել էր երկրում տեղակայել զրահատանկային դիվիզիա։ Ընդ որում՝ Վարշավան պատրաստ էր իր վրա վերցնել դրա համար անհրաժեշտ բոլոր ծախսերը՝ շուրջ երկու միլիարդ դոլար։ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնում դեռ մտածում են այդ ուղղությամբ։

Այս կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ նման քայլերը խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը, և Մոսկվան «ստիպված է պատասխան քայլեր ձեռնարկել»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.