Եվրամիությունը պատրաստվում է պաշտպանության ոլորտում խորացնել հարաբերությունները Չինաստանի հետ․ Մոգերինի
Եվրոպական Միությունը և Չինաստանը որոշել են զարգացնել հարաբերությունները անվտանգության ոլորտում։ Այս մասին Չինաստանի արտաքին գործերի նախարար, Չինաստանի պետական խորհրդի անդամ Վան Իի հետ բանակցություններից հետո հայտարարել է Եվրոպական Միության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
«Մենք որոշել ենք խորացնել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում», - Մոգերինիի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրը գրում է, որ այսօր՝ մարտի 18-ին, Բրյուսելում ընթանում է ԵՄ Խորհրդի նիստ, որին մասնակցում է նաև Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վան Ին։
Հանդիպմանը կողմերը պետք է քննարկեն երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգին առնչվող կարևոր հարցեր։ Բացի այդ, նախապատրաստվելու է նաև Եվրոպական Միություն-Չինաստան գագաթնաժողովը, որը պետք է անցկացվի ապրիլի 9-ին Բրյուսելում։