Նեբրասկայում ջուրը հեղեղել է երկու ռազմաբազա

ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում տեղի ունեցած հեղեղի հետևանքով ջրի տակ են անցել նվազագույնը երկու ռազմաբազա, որոնց թվում՝ ռազմաօդային ուժերի Offutt ավիաբազան, որտեղ տեղակայված է Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության կենտրոնակայանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներկա պահին հեղեղվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Offutt ավիաբազայի մեկ երրորդը։ Բարեբախտաբար ինքնաթիռները և մարդիկ չեն տուժել», - ասվում է ռազմաբազայի թվիթերյան էջում տեղ գտած հայտարարության մեջ։

Herald World  թերթի տվյալներով՝ բազայում ջրի տակ են մնացել մոտ երեք տասնյակ տներ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Ազգային գվարդիայի Էշլենդ բազայում։

Associated Press գործակալության փոխանցմամբ՝ բնական աղետներն այս շրջանում հանգեցրել են արդեն երեք մարդու մահվան։ Ավելի քան 870 մարդ տարհանվել է և տեղափոխվել ժամանակավոր բնակության վայրեր։ Նեբրասկայի գյուղատնտեսության քարտուղարությունում արդեն հաշվարկել են ստացված վնասի չափը։ Այն կազմում է ավելի քան 400 միլիոն դոլար։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը պատրաստվում է այցելել Նեբրասկա՝ տեղում գնահատելու իրավիճակը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.