Նոր Զելանդիայի ահաբեկիչները չեն տարբերվում Իսլամական պետության զինյալներից․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարբերություն չի տեսնում Նոր Զելանդիայում ահաբեկչական գործողության կազմակերպիչների և Իսլամապան պետության միջև։ Այս մասին նա գրել է The Washington Post թերթում հրապարակված հոդվածում։

Նա նաև կոչ է արել ոչ մի դեպքում ահաբեկչությունը չկապել որևէ կրոնի հետ։

«Որպես առաջանորդ, որը մշտապես նշել է ահաբեկչությունը որևէ կրոնի, ռասսայի, լեզվի հետ կապելու անթույլատրելիությունը, կտրականապես հերքում եմ նախորդ շաբաթ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը քրիստոնեության հետ կապելու ցանկացած փորձ։ Այն, ինչ տեղի ունեցավ Նոր Զելանդիայում, տգիտության և ատելության կործանարար հետևանքն է», - նշել է Էրդողանը։

«Անհրաժեշտ է ընդգծել, որ որևէ տարբերություն չկա, թե որտեղ են զոհվում անմեղ մարդիկ՝ Նոր Զելանդիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Ինդոնեզիայում, թե այլ վայրերում։ Իսլամական պետության կատարած հարձակումներից հետո արևմտյան բազմաթիվ քաղաքագետներ և մեկնաբաններ սկսեցին տեղի ունեցածի մեջ մեղադրել իսլամը և մուսուլմաններին», - շարունակել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած հարձակումներից հետո Արևմուտքն ունի կոնկրետ պարտավորություններ։

«Արևմտյան հանրությունը և կառավարությունները պետք է մերժեն իրավիճակները, երբ ռասիզմը, իսլամաֆոբիան և այլատյացությունը դառնում են նորմալ», - ընդգծել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.