Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որը ժամեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը (primeminister.am):
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կայացման գործում ունեցած նրա մեծ ավանդը:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները: Նա հաջողություններ է մաղթել նախագահ Նազարբաևին իր հետագա գործունեության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում:
Հիշեցնենք, որ Նազարբաևը հայտարարել էր, որ լինելու է երկրի անվտանգության խորհրդի նախագահը և մնալու է իշխող՝ Նուր Օթան կուսակցության ղեկավարի պաշտոնում։