Ղազախստանի խորհրդարանը հավանության է արժանացրել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու մասին առաջարկը

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ հավանության են արժանացրել երկրի մայրաքաղաքը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանակոչելու մասին առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
«Ընդունվել է պատմական որոշում», - ասել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը։
Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նաև երկրի նոր ղեկավար Ժոմարտ Տոկաևը, որն էլ հենց նախաձեռնության հեղինակն է։ Տոկաևն առաջարկել է նաև հուշարձան կանգնեցնել Նազարբաևի պատվին և նրա անունով անվանակոչել երկրի տարբեր շրջանների կենտրոնական փողոցները։
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Ժոմարտ Տոկաևի երդմնակալության արարողությունը, որից հետո է նա պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պարտականությունները։
Հիշեցնենք, որ երեկ հրաժարական էր տվել Նուրսուլթան Նազարբաևը և հայտարարել, որ լինելու է երկրի անվտանգության խորհրդի նախագահը և մնալու է իշխող՝ Նուր Օթան կուսակցության ղեկավարի պաշտոնում։
Նուրսուլթան Իբիշևիչ Նազարբաևը Ղազախստանի նախագահն էր 1990 թվականից ի վեր։ 2015 թ․ նա վերընտրվել էր 5-րդ ժամկետով։