Նոր Զելանդիայում կարգելվի հրաձգային զինատեսակների շրջանառությունը և շահագործումը

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը արգելք է դրել երկրի տարածքում հրաձգային զենքերի շրջանառության և շահագործման վրա։ Այս մասին ասվում է Նոր Զելանդիայի կառավարության մամուլի ծառայության՝ մարտի 20-ին արած հայտարարության մեջ։

«Երկուշաբթի՝ Քրայսթչերչում տեղի ունեցած սարսափելի հարձակումից 72 ժամ անց նախարարների կաբինետը որոշել է վերանայել օրենքը։ Այժմ՝ հարձակումից 6 օր անց մենք որոշել ենք արգելք դնել Նոր Զելանդիայի տարածքում հրաձգային զինատեսակների շրջանառության և շահագործման վրա։ Բոլոր տեսակի կիսաավտոմատ զենքերը, որոնք օգտագործվել են ահաբեկչության ժամանակ, կարգելվեն», - ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ՝ կառավարությունը մտադիր է մշակել մեխանիզմ նման տիպի զենքերը սեփականատիրոջից գնելու համար։ Նշվում է, որ կիսաավտոմատ տեսակի զինատեսակների տերերը կարող են կամավոր հանձնել զենքերը ոստիկանական բաժանմունքներ՝ նախապես զգուշացնելով իրենց այցելության մասին։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին՝ տեղի ժամանակով 13։45-ին՝ անմիջապես ցերեկվա աղոթքից հետո, զինված անձինք մուտք էին գործել Ալ Նուր և Լինվուդ մզկիթներ և փակել բոլոր դռները։

Ականատեսների վկայությամբ՝ գրոհի ժամանակ մզկիթի ներսում եղել է 200-300 մարդ։ Դռները փակելուց հետո հնչել են կրակոցներ։ Հարձակման հետևանքով զոհվել էր շուրջ 5 տասնյակ մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.