Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու համար նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել․ Մերկել
Մեծ Բրիտանիային կարող է տրվել Եվրոպական Միության կազմից դուրս գալու գործընթացի համար կարճաժամկետ երկարաձգում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ այս հարցը քննարկվելու է ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ։
«Կարճաժամկետ երկարաձգման մասին կարելի է խոսել դրական երանգներով։ Նման որոշման պատճառ կարող է դառնալ բրիտանական խորհրդարանի դրական քվեարկությունը», - Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Մերկելը։
Խոսելով ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի մասին՝ Մերկելը նշել է, որ այս հարցի պատշաճ կազմակերպումը բխում է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլ նաև Գերմանիայի և ԵՄ անդամ մյուս բոլոր 27 պետությունների շահերից։
«Չնայած ԵՄ կազմից դուրս գալու Լոնդոնի ցանկությանը, մենք ապագայում նույնպես շարունակելու ենք սերտորեն համագործակցել մասնավորապես ներքին և արտաքին քաղաքականության հարցերում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի կազմում», - ասել է Գերմանիայի կանցլերը։
Հիշեցնենք, որ մարտի 21-22-ին ԵՄ Խորհուրդի նիստի ժամանակ պետք է քննարկվի Brexit-ի հետաձգման հարցը։
Եթե չհաջողվի համաձայնեցնել հետաձգման հարցը, ապա Մեծ Բրիտանիան պետք է պաշտոնապես Եվրոպական Միության կազմից դուրս գա մարտի 29-ին։