Եվրամիությունը Մեծ Բրիտանիային հնարավորություն է տվել երկարաձգել Brexit-ը
Եվրոպական Միությունը պատրաստ է Մեծ Բրիտանիային թույլ տալ Brexit-ի կատարումը երկարաձգել մինչև մայիսի 22-ը, եթե միության կազմից դուրս գալու համաձայնագիրը պատգամավորները հավանության արժանացնեն հաջորդ շաբաթ։ Հակառակ պարագայում ժամկետի երկարաձգումը կարող է տևել մինչև ապրիլի 12-ը։
Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, ասվում է ԵՄ Խորհրդի նիստի եզրափակիչ հայտարարության մեջ։
«Եվրոպական Միությունը պատրաստ է մինչև մայիսի 22-ը երկարաձգել Brexit-ի կատարումը, եթե հաջորդ շաբաթ Համայնքների պալատը հավանության արժանացնի համաձայնագիրը», - ասվում է փաստաթղթում։
Միևնույն ժամանակ Եվրամիությունն ակնկալում է, որ եթե մինչև վերոնշյալ ժամկետը պատգամավորները հավանության չարժանացնեն համաձայնագիրը, ապա Միացյալ Թագավորությունը պետք է մինչև այս տարվա ապրիլի 12-ը Եվրոպական Հանձնաժողովին ներկայացնի գործողությունների ճանապարհային քարտեզը։
Հիշեցնենք, որ եթե նախօրեին կայացած ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ չհաջողվեր համաձայնության հասնել, ապա Մեծ Բրիտանիան պետք է պաշտոնապես Եվրոպական Միության կազմից դուրս գար մարտի 29-ին։