Ահաբեկիչները Պալմիրա են հասել ԱՄՆ-ի աջակցությամբ. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարծում է, որ Պալմիրան գրաված ահաբեկիչները եկել են ոչ միայն իրաքյան Մոսուլից, այլ նաև սիրիական Դեր Զորից և Ռաքքայից։ Այս մասին Ասադը հայտարարել է ռուսական «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Պալմիրայի հարցը պետք չէ կապել միայն Մոսուլի հետ, քանի որ Իսլամական պետության ահաբեկիչներ կան նաև Սիրիայի հյւսիսային Ռաքքա նահանգում, որտեղ ԱՄՆ-ն երկու տարի է իբր ռմբակոծում է ահաբեկիչներին։ Բնականաբար, դա ճիշտ չէ։ ԻՊ զինյալներ կան նաև Դեր Զորում, որտեղ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարված հասցրեց մեր դիրքերին՝ ԻՊ-ին ռմբակոծելու փոխարեն», - հարցազրույցի ընթացքում ասել է Ասադը։

Նա նաև նշել է, որ Պալմիրայի վրա հարձակմանը մասնակցած զինյալները եղել են նոր զենքերով։ Նրա խոսքով՝ դա փաստում է, որ ահաբեկիչներին օգնություն է ցուցաբերվել։

«Եթե զինյալները եկել են Մոսուլից, ապա որտեղից կարող էր նրանց մոտ հայտնվել զենքեր, որ նրանք չեն ունեցել ավելի վաղ։ Ճշմարտոթյունն այն է, որ ահաբեկիչների մեծ մասը եկել են Ռաքքայից և Դեր Զորից կամ ամերիկացիների անմիջական օգնությամբ, կամ էլ՝ լավագույն դեպքում, նրանց թողտվությամբ։ Ամերիկացիները աչք են փակել զինյալների տեղաշարժի վրա և թույլ են տվել Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Կատարին ավարտին հասցնել իրենց առաքելությունը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով Իսլամական պետությանը։ Ահա, թե իրականում ինչ է կատարվում Պալմիրայում», - նշել է Ասադը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԻՊ զինյալները Պալմիրա են շարժվել իրաքյան Մոսուլից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսուլն ամբողջությամբ շրջափակված չէ, կան միջանցնքեր, որտեղից էլ ահաբեկիչները զենքերով դուրս են եկել և շարժվել Պալմիրայի ուղղությամբ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.