Օբաման սպառնում է Մոսկվայի դեմ պատասխան միջոցներ ձեռք առնել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Մոսկվայի նկատմամբ որոշակի քայլեր ձեռնարկել՝ կապված ՄԻացյալ Նահանգների ընտրական գործընթացներին Ռուսաստանի միջամտության հետ։ Այս մասին ԱՄՆ-ի նախագահը խոսել է NPR ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ։

«Կարծում եմ՝ մենք անկասկած պետք է միջոցներ ձեռք առնենք, երբ յուրանքանչյուր օտար երկրի իշխանություն փորձում է ազդել մեր ընտրությունների անաչառության վրա», - ասել է Օբաման։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը լավ գիտի, թե որպես ԱՄՆ-ի նախագահ ինչ է զգում ինքը, քանի որ անձամբ է ասել Պուտինին այդ մասին։

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հայտարարել էին, որ ռուս ցանցահենները կիբերհարձակումներ են իրականացրել Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա։ Ավելի ուշ Կենտրոնական հետախուզական վարչությունը պաշտոնապես մեղադրել է Մոսկվային, որ վերջինս նման ճանապարհով փորձել է միջամտել ընտրական գործընթացներին և այդպիսով օգնել Դոնալդ Թրամփին դառնալ ԱՄՆ-ի նախագահ։ Անձամբ Թրամփը ծիծաղելի է համարել այդ պնդումները։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով այս թեմային, նշել է որ Դոնալդ Թրամփին օգնել են ԱՄՆ-ի նախագահ դառնալ Ամերիկայի քաղաքացիները, ոչ թե Ռուսաստանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.