Ոչնչացվել է Պալմիրան գրաված ԻՊ պարագլուխներից մեկը

Սիրիական Պալմիրան գրաված ահաբեկիչների ուղղությամբ իրականացված ավիահարվածի արդյունքում զոհվել է Իսլամական պետության պարագլուխներից մեկը։ Այս մասին հաղորդում է սիրիական «Ալ-Մասդար» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։

Աղբյուրի համաձայն՝ սպանվածը Ումար Ասաադն է, որը ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի կենտրոնական Հոմսի մարզի պարագլուխներից էր։ Հենց այս մարզի կենտրոնում է գտնվում Պալմիրա գյուղը։

Նշվում է, որ ահաբեկիչը ոչնչացվել է նավթով հարուստ էլ-Սուհանա քաղաքի ուղղությամբ իրականացված ավիահարվածի արդյունքում։

Աղբյուրը դեռևս տեղեկություն չի տալիս, թե որ երկրի օդուժն է իրականացրել ավիահարվածը։

Նշենք, որ դեկտեմբերի 11-ին Իսլամական պետության ահաբեկիչները կրկին գրավել էին Պալմիրան։ Արդյունքում՝ վերջիններիս վերահսկողության տակ է անցել ինչպես Պալմիրա բնակավայրը, այնպես էլ՝ այնտեղի պատմական ավերակները, որոնք հին հռոմեական ճարտարապետության լավագույն օրինակներ են և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ գրոհին մասնակցել է մոտ 5 հազար ահաբեկիչ, որոնց թվում եղել են հարյուրավոր մահապարտներ։ Օգտագործվել է մի քանի տասնյակ զրահամեքենա, որոնք բերվել էին Ռաքքայի նահանգից և Դեր Զորից։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, անդրադառնալով Պալմիրայի գրավմանը, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, անկասկած, աջակցություն է ցույց տվել ահաբեկիչներին, կամ, ամենաքիչը, տեղյակ է եղել այդ ծրագրին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.