Ջոն Քերին հիասթափված է. պետքարտուղարության ներկայացուցիչ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գտնում է, որ դիվանագիտական ասպարեզում իր երկրի՝ սիրիական հարցի քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը ձախողվել են։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Եթե դուք հիմա պետքարտուղարին հարցնեք, ապա նա ձեզ կասի, թե ինչքան հիասթափված է Սիրիայում տիրող իրավիճակից։ Նա կարծում է, որ սիրիական հարցի կարգավորմանն ուղղված մեր ջանքերն ապարդյուն են եղել, և մենք չենք կարողացել Սիրիան դարձնել ավելի ապահով», - հայտարարել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ պետքարտուղար Քերին առաջիկա շաբաթների ընթացքում շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ «Սակայն սա այն ասպարեզն է, որտեղ մենք կցանկանայինք հաջողություններ ունենալ ավելի վաղ», - շարունակել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
Նշենք, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմի լիազորությունների ժամկետն ավարտում է հունվարի 20-ին՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։