Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը կոչ է արել ԱՄՆ-ին չլեգիտիմացնել ահաբեկիչներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը քննադատել է Վաշինգտոնի դիրքորոշումը Սիրիայի քրդերի նկատմամբ։ Նա թվիթերյան իր էջում կոչ էր արել ԱՄՆ-ին չաջակցել ծայրահեղականներին։

Ավելի վաղ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության թվիթերյան միկրոբլոգում գրառում էր հայտնվել, որում նշված էր, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» կապ չունեն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ։

Սրան ի պատասխան Քալընն այսպիսի գրառում էր կատարել. «Սա կամ կատակ է, կամ կենտրոնական հրամանատարությունը կորցրել է իրականության զգացողությունը։ Դուք մտածում եք, որ որևէ մեկը կարող է հավատա՞լ դրան։ ԱՄՆ-ն պետք է դադարի լեգիտիմացնել ահաբեկչական խմբավորումներին»։

Պաշտոնական Անկարան պնդում է, որ Թուրքիայում ահաբեկչական խմբավորումներ համարվող քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցությունը և «Ժողովուրդների ինքնապաշտպանության խմբերը» (YPG), որոնք հայտնի են որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճյուղեր, մտնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կազմի մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն Անկարայում ունեցած ելույթի ժամանակ հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կփոխի «Սիրիայի դեմոկրատական ուժերի» նկատմամբ ԱՄՆ-ի սխալ դիրքորոշումը։ «Մենք շարունակում ենք հայտարարել, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ահաբեկչական խմբավորում է, և նրա հետ համագործակցելն անօրինական է։ Հույս ունենք, որ լիազորությունների կատարմանն անցնելուց հետո Դոնալդ Թրամփը կլսի Թուրքիային և կուղղի այդ սխալը», - ասել է Ըշըքը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.