Թուրք սպաների և դիվանագետների խումբը վախենում է վերադառնալ հայրենիք

ՆԱՏՕ-ի թուրք սպաների և դիվանագետների խումբը քաղաքական ապաստան է խնդրել Նորվեգիայի իշխանություններից։ Այս մասին հայտնում է Verdens Gang լրատվականը։

Աղբյուրի համաձայն՝ այդ մարդիկ ծառայում են Նորվեգիայում նախորդ աշնանից։ Թուրքիայի իշխանությունները նրանց խնդրել են վերադառնալ հայրենիք, որպեսզի հարցաքննվեն հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գործով։ Սպաների և դիվանագետների խումբը հրաժարվել է մեկնել Թուրքիա՝ պատճառաբանելով, որ վախենում են իրենց կյանքի համար։

Աղբյուրը նշում է, որ նրանք արդեն դիմել են Նորվեգիայի միգրացիոն կենտրոն և ոստիկանության՝ օտարերկրյա քաղաքացիների գործերով զբաղվող բաժանմունք։ Նրանք պնդում են, որ որևէ կապ չունեն հեղաշրջման փորձի հետ։

«Այս պահին հնարավոր չէ վերադառնալ։ Ես այստեղ հեռացվել եմ աշխատանքից, իսկ իմ անձնագիրը կորցրել է ուժը։ Եթե ես վերադառնամ Թուրքիա, ինձ կձերբակալեն և բռնության կենթարկեն. հնարավոր է նաև՝ կեղծ մեղադրանք առաջադրեն։ Թուրքական բանտերում մարդիկ մահանում են անհայտ հանգամանքներում», - ասել է Նորվեգիայից ապաստան խնդրող խմբի անդամներից մեկը։

Նշենք, որ նախորդ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ են կազմակերպել։  Ոստիկանությանը հաջողվել էր ճնշել ապստամբներին, և հեղաշրջման փորձը ձախողվել էր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.