Դե Միստուրան կգլխավորի ՄԱԿ-ի պատվիրակությունը Աստանայում կայանալիք հանդիպմանը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտիերեշը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային կարգադրել է գլխավորել կազմակերպության պատվիրակությունը Աստանայում հունվարի 23-ին կայանալիք սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։

«Հաշվի առնելով Աստանայի հանդիպմանը քննարկվելիք հարցերի կարևորությունը և մասնակից կողմերի ներկայացվածության բարձր մակարդակը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խնդրել է պարոն Դե Միստուրային գլխավորել կազմակերպության պատվիրակությունը», - նշված է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Անտոնիու Գուտիերեշը հույս է հայտնել, որ Աստանայի հանդիպումը դրական քայլ կլինի Ժնևում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների վերսկսումից առաջ։

Աստանայում կայանալիք բանակցությունների մասնակիցների վերջնական ցանկը դեռևս հայտնի չէ։ Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմության զինված խմբավորումերի ներկայացուցիչները։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Աստանայում կայանալիք բանակցություններին ՄԱԿ-ի պատվիրակությունը կգլխավորի կազմակերպության` Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակի տեղակալ Ռամզի Իզզեդդին Ռամզին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.