Կայացավ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Հունվարի 20-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած արարողությանը Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը։ Երդմնակալությանը ներկա էին ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը և, իհարկե, Բարաք Օբաման, որը պետք է իշխանությունը փոխանցեր նոր նախագահին։

«Ես՝ Դոնալդ Ջոն Թրամփս, հանդիսավոր կերպով երդվում եմ, որ հավատարմորեն իրականացնելու եմ նախագահական պարտավորություններս և իմ ուժերի սահմաններում պահպանելու եմ Միացյալ Նահանգների սահմանադրությունը։ Աստված ինձ օգնական», - ասել է Թրամփը երդման ավանդական խոսքերը՝ կրկնելով այն ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսի հետևից։

Երդմանը հաջորդել է Թրամփի ելույթը, որը տևել է 17 րոպե։ Իր ելույթում ԱՄՆ-ի 45-րդ նախագահը շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային և նրա տիկնոջը իշխանության փոխանցման ընթացքում իրեն աջակցելու համար։

«Այս պահին կարևոր չէ, թե որ կուսակցությունն է եկել իշխանության։ Հունվարի 20-ը կհիշվի որպես այն օրը, երբ ժողովուրդը երկրի կառավարումը կրկին վերցրեց իր ձեռքը», - ասել է Թրամփը։

Անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին՝ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը նշել է. «Մենք շատ մեծ գումարներ ենք վատնում արտասահմանում։ Այդ կերպ մենք ուրիշ երկրները դարձնում ենք հարուստ, իսկ մեզ մոտ գործարաններ են փակվում, և միջին դասի մարդկանց գումարները դուրս է հանվում Ամերիկայից՝ տարածվելով ամբողջ աշխարհում։ Բայց սա արդեն անցյալում է. մենք հիմա առաջ ենք շարժվելու»։

Խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին՝ Թրամփը խոստացավ երկրի երեսից ամբողջությամբ ջնջել ահաբեկիչներին, - «Մենք կհզորացնենք մեր դաշինքները, կկազմենք նորերը, կմիավորենք ողջ քաղաքակիրթ աշխարհն ու կոչնչացնենք արմատական իսլամական ահաբեկչությունը»։

Ելույթի վերջում նա կրկին հնչեցրել է իր կարգախոսը. «Մենք Ամերիկան նորից հզոր կդարձնենք» ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.