Լրագրողներն աշխարհի ամենաանարդար մարդկանցից են. Թրամփ

Հունվարի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Կենտրոնական հետախուզական վարչության շտաբակայան, որտեղ ելույթ է ունեցել գերատեսչության աշխատակազմի առջև, գրում է Washington Post-ը։

«Ոչ ոք չունի այնպիսի ուժեղ զգացմունքներ հետախուզական համայնքի նկատմամբ, ինչպես ես։ Ոչ ոք չի հարգում ձեզ ավելի շատ, քան ես», - ասել է Թրամփը՝ կարևորելով նրանց դերն ազգային անվտանգության հարցում։

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատանքը կարևոր է հատկապես ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ Թրամփն ասել է. «Մենք պետք է ազատվենք ԻՊ-ից։ Ծայրահեղական իսլամական ահաբեկչությունը պետք է ջնջվի երկրի երեսից։ Դա չարիք է»։

ԱՄՆ-ի 45-րդ նախագահը խոսել է նաև մամուլի մասին՝ պնդելով, որ ԶԼՄ-ները դիտավորյալ փորձում են սեպ խրել իր և հետախուզական ծառայությունների միջև։

«Ես պատերազմում եմ ԶԼՄ-ների դեմ։ Լրագրողերն աշխարհի ամենաանարդար մարդկանցից են», - ասել է Թրամփը։ Նա որպես օրինակ նշել է իր երդմնակալության արարողության մասնակիցների թվի մասին մամուլի հրապարակած տվյալները, ըստ որի, այն չէր գերազանցում 250 հազարը։ Թրամփի պնդմամբ՝ այդ թիվը հասնում էր 1-1,5 միլիոնի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.