ԱՄՆ-ն Վաշինգտոնից պատվիրակություն չի ուղարկի Ղազախստան Սիրիայի հարցով բանակցություններին

ԱՄՆ-ն Վաշինգտոնից պատվիրակություն չի ուղարկի Աստանա սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով հունվարի 23-24-ին կայանալիք բանակցություններին մասնակցելու համար։ Աստանայում ԱՄՆ-ն կներկայացնի Ղազախստանի դեսպան Ջորջ Քրոլը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոների հայտարարությանը։

«Մենք ողջունում և գնահատում ենք, որ Ղազախստանը մեզ հրավիրել է որպես դիտորդ բանակցություններին մասնակցելու։ Հաշվի առնելով նախագահի երդմնակալության արարողությունը և անցումային շրջանի անհետաձգելի պահանջները՝ Վաշինգտոնի պատվիրակությունը չի մասնակցի Աստանայում կայանալիք բանակցություններին։ Միացյալ Նահանգները կներկայացնի Ղազախստանում մեր դեսպանը», - հայտարարել էր Մարկ Տոները։

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը Ղազախստանի Հանրապետության կառավարությունից հրավեր էր ստացել մասնակցելու հունվարի 23-ին Աստանայում կայանալիք բանակցություններին։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կողջունի ԱՄՆ-ի մասնակցությունը Աստանայի բանակցություններին։

«Սիրիայի հարցում ոչ թե գործարք է պետք, այլ համագործակցություն», - ասել էր Պեսկովը՝ պատասխանելով Սիրիայի հարցում ռուս-ամերիկյան հնարավոր համագործակցության մասին հարցին, որից հետո ավելացրել էր, - «Ակնհայտ է, որ Սիրիայի հարցում առանց ԱՄՆ-ի մասնակցության հնարավոր չէ հասնել կառուցողական կարգավորման»։

Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայի բանակցությունները կկայանան առաջիկա երկուշաբթի, սակայն մասնակիցների վերջնական ցանկը դեռևս հայտնի չէ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.