Իրաքում ԻՊ ահաբեկիչները եկեղեցին վերածել են «երեխաների ուսուցման կենտրոնի»

Իսլամական պետության ահաբեկիչներն Իրաքի Թել-Քայֆ քաղաքում գտնվող քրիստոնեական եկեղեցին վերածել են բազայի, որտեղ իրենց շարքերում կռվող երեխաների։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով քրդական Rudaw հեռուստաալիքին։

Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչներն ավերել և այրել են քաղաքում գտնվող եկեղեցիների մեծ մասը։ Նրանք քաղաքի գլխավոր եկեղեցին անվանափոխել են և վերածել են, այսպես կոչված, «խալիֆաթի երեխաներ» բազայի։ Աղբյուրի հավաստմամբ՝ երեխաների «ուսուցումն» այդ կենտրոնում տևել է 15-20 օր, որից հետո նրանք տեղափոխվել են կռվի դաշտ։ Նշվում է, որ այդ կենտրոնում գտնվող երեխները միջինը 15 տարեկան էին։

«Ահաբեկիչները նախ երեխաներին բերում էին մզկիթ, որպեսզի նրանք հավատարմության երդում տային խալիֆաթին։ Դրանից հետո նրանց տանում էին այդ եկեղեցին, որտեղ մարզում էին, մինչ կռվի դաշտ ուղարկելը։ Ահաբեկիչները երեխաներին ասում էին, որ նրանք կարող են դրախտ ընկնել», - պատմել է քաղաքի բնակիչներից մեկը։

Լրատվականի համաձայն՝ Մոսուլից ոչ հեռու գտնվող Տել-Քայֆ քաղաքն արդեն ազատագրված է ահաբեկիչներից։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը և իրաքյան քրդերի ինքնապաշտպանական ջոկատները, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ, սկսել են ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը: 2014թ-ի հունիսից Մոսուլը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է և համարվում է Իրաքում ԻՊ կենտրոնը:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.