ԱՄՆ-ն չի համագործակցում ՌԴ Զինված Ուժերի հետ Սիրիայի ահաբեկիչերի դեմ պայքարում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական կողմի հետ չի կիսվում թիրախների մասին տեղեկատվությամբ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում. գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուսական լրատվականին տված հարցազրույցում Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Պեխոնը նշել է, որ իրենք ռուսական կողմի հետ չեն կիսվում թիրախների մասին տեղեկատվությամբ, այնուհետև ավելացրել է. «Մեր համագործակցությունը Ռուսաստանի Զինված Ուժերի հետ սահմանափակվում է Սիրիայում թռիչքներ կատարող ռազմական ինքնաթիռների անվտանգության ապահովմամբ։ Այդպիսով փորձում ենք կանխել կոալիցիոն ուժերի և ռուսական կողմի հնարավոր բախումը»։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ամերիկյան կողմը տեղեկություն է հայտնել Սիրիայի Էլ Բաբ քաղաքում Իսլամական պետության թիրախային կոորդինատների մասին։ Նշվել էր նաև, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը միջազգային կոալիցիայի օդուժի հետ միասին ավիահարվածներ են հասցրել նշված թիրախներին։  

Associated Press լրատվականը, ինչպես նաև ամերիկյան մի քանի ԶԼՄ-ներ սա համարել էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի «առաջին համատեղ ռազմական գործողությունը Սիրիայում»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.