Սենատը հաստատել է Ռեքս Թիլերսոնի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին

Հունվարի 23-ին ԱՄՆ-ի սենատի միջազգային հարցերով հանձնաժողովը ձայների 11 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ հաստատել է «Exxonmobil» նավթային ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Աղբյուրը նշում է, որ այժմ այդ պաշտոնին Թիլերսոնի վերջնական նշանակման համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը քվեարկությամբ հաստատի այն։ Հաշվի առնելով, որ հանրապետականները մեծամասնություն են կազմում վերին պալատում՝ Թիլերսոնն ունի պետքարտուղար դառնալու բոլոր շանսերը (նրան անհրաժշտ է ստանալ 100 ձայնից 51-ը)։

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնին Թիլերսոնի թեկնածությունն առաջադրել էր դեռևս դեկտեմբերին։

Ռեքս Թիլերսոնը 64 տարեկան է։ Ավարտել է Տեխասի համալսարանը։ Շուրջ 4 տասնամյակ աշխատել է «ExxonMobil» ընկերությունում, որտեղ սկզբում աշխատել է որպես հասարակ ինժեներ։ 1990-ականների վերջին ղեկավարել է ընկերության ծրագրերը Ռուսաստանում։  2013թ-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան պարգևատրել է բարեկամության շքանշանով, որը Ռուսաստանի Դաշնությունում օտաերկրացիներին շնորհվող բարձրագույն պետական պարգևներից է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.