Օբամայի վարչակազմը 221 միլիոն դոլար է փոխանցել Պաղեստինին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պաշտոնավարման վերջին ժամերին 221 միլիոն դոլար է փոխանցել Պաղեստինյան ինքնավարությանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Աղբյուրի հավաստմամբ՝ հունվարի 20-ի առավոտյան՝ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ժամեր առաջ, Օբամայի վարչակազմն իր մտադրության մասին պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին՝ գրավոր ծանուցմամբ։ Դրանից մեկ օր առաջ նախկին պետքարտուղար Ջոն Քերին օրենսդիրներին հայտնել է վարչակազմի որոշման մասին։

Աղբյուրը նշում է, որ Օբամայի այս որոշումը կարող է բացասական արձագանք գտնել Թրամփի և նրա վարչակազմի շրջանում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս հայտնել էր Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու իր պատրաստակամության մասին։

Նշվում է, որ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին արդեն հրավիրել է Սպիտակ տուն։ Նա նաև հավանություն է տվել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.