Մոսուլում մոտ 750 հազար մարդ ապրում է Իսլամական պետության վերահսկողության տակ

Իրաքյան Մոսուլում մոտ 750 հազար մարդ ապրում է Իսլամական պետության վերահսկողության տակ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի տվյալներին։

Իրաքում մարդասիրական հարցերի համակարգող Լիզ Գրանդեն (2003-2005 թ.թ. եղել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը) հայտարարել է, որ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներում աճում է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների արժեքները, առաջանում են ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ։ Նրա խոսքով՝ որոշ բնակիչներ ստիպված են լինում այրել իրենց կահույքը, որպեսզի լուծեն ջեռուցման հարցը։

Նշենք, որ ավելի վաղ Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրաքի Զինված Ուժերն Իսլամական պետության ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածը։

Նշենք, որ Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին։ Գործողությանը մասնակցում են շիական աշխարհազորայինները, Իրաքի բանակը և քրդական «Փեշմերգա» զորամիավորումը։ Նրանց օգնում են միջազգային կոալիցիայի և Իրաքի ռազմաօդային ուժերը։

Մոսուլը մեծությամբ երկրորդ քաղաքն է Իրաքում և արդեն երկու տարուց ավելի գտնվում է Իսլամական պետության ահաբեկիչների վերահսկողության տակ։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.