Կրեմլը Թրամփին կոչ է անում հաշվի առնել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու հետևանքները

Կրեմլը կոչ է անում Թրամփին հաշվի առնել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու հնարավոր հետևանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարևոր է, որ այն ավելի չվատացնի փախստականների վիճակը։ Պետք է հաշվի առնել հնարավոր բոլոր հետևանքները», - ասել է Պեսկովը։

Լրագրողների հարցին՝ թե արդյոք ԱՄՆ-ն խորհրդակցել է ՌԴ-ի հետ այդ որոշումը կայացնելիս, Պեսկովը բացասական պատասխան է տվել. «Ամերիկյան կողմը մեզ հետ չի խորհրդակցել»։

Հունվարի 25-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելը շատ ճիշտ որոշում է։ Նրա խոսքով՝ Եվրոպան մեծ սխալ է գործել՝ թույլ տալով միլիոնավոր փախստականներին հասնել Գերմանիա և եվրոպական այլ երկրներ։

«Այն, ինչ կատարվում է Եվրոպայում, աղետ է։ Չեմ ցանկանում, որ նույնը տեղի ունենա ԱՄՆ-ում», - ասել է Թրամփը։

Ավելի վաղ «Ռոյթերս» լրատվականը հայտնել էր, որ Թրամփը պատրաստվում է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել՝ իրենց բնակավայրերը լքած սիրիացիներին այնտեղ բնակեցնելու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.