Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Հունվարի 28-ի երեկոյան կայացել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տևել է մոտ 45 րոպե։ Սա երկու երկրների ղեկավարների երկրորդ հեռախոսազրույցն է։ Առաջինը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 14-ին՝ Թրամփի՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո։

Հեռախոսազրույցի ժամանակ Օվալաձև սենյակում ներկա են եղել նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Սպիտակ տակ աշխատակազմի ղեկավար Ռեինս Փրիբասը, Թրամփի՝ անվտագության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, ինչպես նաև ռազմավարական հարցերով Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվ Բեննոնը։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են մի շարք կարևոր հարցեր և պատրաստակամություն հայտնել համատեղ պայքարել «Իսլամական պետության» և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ։ Քննարկվել է նաև առաջիկայում հանդիպում կազմակերպելու հարցը։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը, դրական գնահատելով հեռախոսազրույցի արդյունքները, հայտարարել է. «Այս նշանակալի զանգը երկու երկրների հարաբերություների լավացմանն ուղղված կարևոր քայլ էր»։

Ռոյթերս լրատվականը հայտնում է, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.