Սիրիայի հյուսիսում շարունակվում են մարտերը Թուրքիայի Զինված ուժերի և Իսլամական պետության միջև

Հունվարի 29-ին Սիրիայի էլ Բաբ քաղաքում Թուրքիայի Զինված ուժերի և Իսլամական պետության միջև մարտերի ընթացքում մեկ թուրք զինվոր է սպանվել։ Այս մասին հաղորդում է haber7.com-ը։

Աղբյուրի հավաստմամբ՝ թուրքական զինուժի ևս երկու զինծառայող վիրավորվել են։

Demokrathaber-ը նշում է, որ օգոստոսին սկսված «Եփրատի վահան» գործողության շրջանակներում տեղի ունեցած մարտերի հետևանքով թուրքական զինուժը կրել է ընդհանուր 54 կորուստ։  

Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ էլ Բաբի համար մղվող պայքարում թուրքական զինուժը մեծ հաջողություններ է գրանցում։ Էրդողանի՝ դեկտեմբերի 27-ին արած հայտարարության մեջ նշվում էր, որ քաղաքն արդեն ամբողջովին շրջափակված է։

Նշենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ից Թուրքիայի Զինված ուժերը «Սիրիայի ազատ բանակի» օժանդակությամբ իրականացնում են «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որի նպատակն է Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս քաղաքն ազատագրել ԻՊ գրոհայիններից: Այս գործողությամբ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսային շրջաններում:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.