Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պետք է համատեղ գործեն ԻՊ-ի դեմ պայքարում. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում է Ռիա Նովոստին։

Հունվարի 31-ին Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Անհրաժեշտ է հաղթել Իսլամական պետությանը։ Այս մարտահրավերը կարելի է հաղթահարել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում։ Մենք չենք ցանկանում, որ նոր սառը պատերազմ սկսվի, դրա համար էլ գործում ենք համաչափ և թափանցիկ։ Մեր գործողությունները պաշտպանական բնույթ են կրում՝ միևնույն ժամանակ ուղարկելով հստակ ուղերձ, որ մենք միասնական ենք։ Դաշինքի բոլոր անդամները պատրաստ են պաշտպանել մեկը մյուսին»։

Նշենք, որ նախորդ տարվա հուլիսին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում են կայացրել դաշինքի 4000-անոց ռազմական ստորաբաժանում տեղակայել Արևելյան Եվրոպայում (ավելի կոնկրետ՝ Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում): Սառը պատերազմից հետո սա Դաշինքի ուժերի ամենամասշտաբային կենտրոնացումն է տվյալ տարածաշրջանում, ինչը, իհարկե, չի կարող չանհանգստացնել Ռուսաստանի ղեկավարությանը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում լավ գիտեն՝ Մոսկվան իրենց վրա հարձակվելու մտադրության չունի։ Նրա խոսքով՝ Դաշինքն այդ առիթն օգտագործում է Ռուսաստանի սահմանների մոտ ավելի շատ ռազմական տեխնիկա և զորամիավորումներ տեղակայելու համար։
 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.