Պատժամիջոցները չեն չեղարկվի մինչև Ղրիմը չվերադառնա Ուկրաինայի կազմ. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև Ղրիմը չվերադառնա Ուկրաինայի կազմ։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փետրվարի 2-ին կայացած նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր ներկայացուցիչ Նիկկի Հեյլին. գրում է ՏԱՍՍ-ը։

«Ղրիմն Ուկրաինայի մասն է։ Մեր կողմից կիրառվող պատժամիջոցները կապված են Ղրիմի հարցի հետ։ Պատժամիջոցները չեն չեղարկվի մինչև Ռուսաստանը թերակղզին չվերադարձնի Ուկրաինային», - ասել է Հեյլին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։  

2014թ-ին ԱՄՆ-ն և Եվրոպական Միության երկրները սկսեցին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ այն կապելով Ղրիմի ՌԴ-ին միանալու և Ուկրաինայի հարավարևելքում տիրող իրավիճակի հետ։ Սկզբում անհատական պատժամիջոցներ էին կիրառվում ֆիզիկական անձանց նկատմամբ, իսկ հետո արդեն դրանց մասշտաբները մեծացան՝ սահմանափակելով տնտեսության կոնկրետ ոլորտներ։

Ըստ Արևմուտքի՝ պատժամիջոցները չեղարկելու համար Ռուսաստանից պահանջվում է կատարել Մինսկի համաձայնագրի դրույթները։ Եվրոպական մի քանի երկիր՝ Հունգարիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան և Իտալիան, կողմ են հանդես գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելուն։

Կրեմլն անհեթեթություն է որակում պատժամիջոցների չեղարկումը Մինսկի համաձայնագրի դրույթների կատարման հետ կապելը, քանի որ իրեն չի համարում հակամարության կողմ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.