Չուրկինն ամերիկացի գործընկերոջը պատասխանել է՝ մեջբերում կատարելով ԱՄՆ-ի սահմանադրությունից

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, մեկնաբանելով պատժամիջոցների չեղարկման պայմանների վերաբերյալ ամերիկացի գործընկերոջ հայտարարությունը, մեջբերում է կատարել ԱՄՆ-ի սահմանադրությունից։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

«Չի կարելի մոռանալ, որ ԱՄՆ-ի սահմանադրության մեջ կան հրաշալի խոսքեր՝ «Մենք` ժողովուրդը»։ Ղրիմի ժողովուրդը հստակ կերպով իր կամքն արտահայտել է  հանրաքվեի ժամանակ», - ասել է Չուրկինը։

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փետրվարի 2-ին կայացած նիստի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ հակառուսական պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն դեպքում, եթե Ղրիմը վերադարձվի Ուկրաինային։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 3-ին, նախատեսված է Չուրկինի և Հեյլիի հանդիպումը։ Չուրկինի խոսքով՝ իրենք պատրաստվում են խոսել «ամեն ինչից, կյանքից»։

2014թ-ին ԱՄՆ-ն և Եվրոպական Միության երկրները սկսեցին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ այն կապելով Ղրիմի ՌԴ-ին միանալու և Ուկրաինայի հարավարևելքում տիրող իրավիճակի հետ։ Սկզբում անհատական պատժամիջոցներ էին կիրառվում ֆիզիկական անձանց նկատմամբ, իսկ հետո արդեն դրանց մասշտաբները մեծացան՝ սահմանափակելով տնտեսության կոնկրետ ոլորտներ։

Ըստ Արևմուտքի՝ պատժամիջոցները չեղարկելու համար Ռուսաստանից պահանջվում է կատարել Մինսկի համաձայնագրի դրույթները։ Եվրոպական մի քանի երկիր՝ Հունգարիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան և Իտալիան, կողմ են հանդես գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելուն։

Կրեմլն անհեթեթություն է որակում պատժամիջոցների չեղարկումը Մինսկի համաձայնագրի դրույթների կատարման հետ կապելը, քանի որ իրեն չի համարում հակամարության կողմ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.