Ամերիկացիների մեծ մասին դուր չի գալիս Թրամփի նախագահական գործունեությունը. CNN

Ամերիկացիների 53%-ին դուր չեն գալիս Թրամփի առաջին քայլերը նախագահի պաշտոնին։ Այս մասին են վկայում CNN հեռուստաալիքի և ORC հետազոտական ծառայության համատեղ անցկացրած սոցհարցման արդյունքները։

Հրապարակված տվյալների համաձայն՝ հարցվածների ընդամենը 44%-ն է կողմ, որ Դոնալդ Թրամփը ղեկավարի երկիրը։ Ըստ CNN-ի՝ հետազոտության պատմության ընթացքում սա ամենացածր ցուցանիշն է, որ գրանցում է ԱՄՆ-ի՝ վերջերս պաշտոնը ստանձնած նախագահը։

Նշվում է, որ հարցվածների մեծ մասը հիմնականում դժգոհ է Թրամփի՝ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ ստորագրած հրամանագրերից։ Հարցվածների 60%-ը դեմ է արտահայտվել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը։

Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Թրամփը չի կարողանում լուծել միգրացիոն (56%), արտաքին քաղաքականության (55%) և ահաբեկչության դեմ պայքարի (53%) խնդիրները։

Հարցվածների 49%-ը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահը կարողանում է լուծել տնտեսական խնդիրները։ Հակառակ կարծիքին են հարցվածների 43%-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.