Իրանն ահաբեկչական համար մեկ պետությունն է. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանը համարում է «ահաբեկչական համար մեկ պետություն», սակայն չի պատրաստվում ռազմական ուժով ազդել վերջինիս վրա։ Այս մասին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Լրագրողի հարցին, թե ներկա պահին վտանգ կա, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են ուղիղ բախման գնալ, Թրամփը պատասխանել է. «Ոչ։ Չենք պատրաստվում նրանց վախեցնել։ Ուղղակի նրանք լիովին արհամարհում են մեզ։ Իրանն ընդհանրապես չի հարգում Միացյալ Նահանգները։ Դա ահաբեկչական համար առաջին պետությունն է։ Նրանք ամենուր զենք և փող են ուղարկում»։

Նա քննադատել է միջուկային գործարքը Իրանի հետ և ափսոսանք է հայտնել, որ դրա շրջանակներում Միացյալ Նահանգներն «իրանցիներին նվիրել է 1.7 միլիարդ դոլար»։

ԱՄՆ-ն պատրաստվում է ազդել Իրանի վրա պատժամիջոցներ գործադրելով։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատժամիջոցների կիրառումը միայն սկիզն է։

Թրամփը նշել է, որ ինքը չի պատրաստվում ուժ գործադրելու սպառնալիքներ հնչեցնել։ «Ես միշտ քննադատել եմ Բարաք Օբամային, որ նա նախօրոք հայտարարում էր զորքերի տեղաշարժի մասին, ինչպես դա եղավ Մոսուլի դեպքում։ Նա կոնկրետ նշում էր օրն ու ժամը։ Ես երբեք չեմ հավատացել, որ այդպիսի մեթոդներն արդյունավետ են», - ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ սև սուցակում ավելացնելով 13 անձի և 12 կազմակերպության անվանում: Սահմանափակումները մտցվել են նրանց դեմ, ովքեր այս կամ այն կերպ ներգրաված են Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքներին կամ աջակցում են իրանական զինուժի «Իսլամական հեղափոխության պահապաններ» էլիտար ստորաբաժանմանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված փաստաթղթերում։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ֆլինը հայտարարել էր, որ իրենք դատապարտում են Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը՝ համարելով, որ դա սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ ԱՄՆ-ի կողմից Իրանին պաշտոնական նախազգուշացում է արվել բալիստիկ հրթիռների փորձարկման հետ կապված։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.