Օկիանավա կղզու բնակիչները դեմ են իրենց տարածքում ԱՄՆ-ի ռազմաբազայի կառուցմանը

Ճապոնական Օկիանավա կղզու բնակչները բողոքում են իրենց տարածքում ԱՄՆ-ի նոր ռազմաբազայի կառուցման դեմ, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով ճապոնական NHK հեռուստաալիքին։

Աղբյուրի հավաստմամբ՝ այսօր առավոտից մոտ 100 մարդ հավաքվել է Քեմբ Շվաբ ռազմակայանի մուտքի մոտ և նստացույց է անում՝ բողոքելով Հենոկո բնակավայրի մոտ ԱՄՆ-ի նոր օդանավակայանի կառուցման դեմ։

2015թ-ին օդանավակայանի շինարարական աշխատանքները դադարեցվել էին՝ շնորհիվ տեղի իշխանությունների ջանքերի։ Վերջիներիս բողոքին հակազդել էր դատարանի որոշումը, որն ընդունվել էր Ճապոնիայի կառավարության ջանքերով։ Օկիանավայի իշխանությունների դիրքորոշումն, այնուամենայնիվ, չէր փոխվել։

Ճապոնիայի իշխանությունները խոստացել էին ԱՄՆ-ին Հենոկո տեղափոխել «Ֆուտեմմա» ռազմաբազան, որը գտնվում է Գինովան խիտ բնակեցված քաղաքի կենտրոնում։ Օկիանավայի իշխանությունները և տեղի բնակչությունը պահանջում են ռազմաբազան իրենց տարածքից տեղափոխել Ճապոնիայի այլ շրջաններ։

Ռիա Նովոստիի հայտնած տվյալների համաձայն՝ Օկիանավայում կա ամերիկացի 25.800 զինվորական և 19 հազար քաղաքացիական անձ (զինվորականների ընտանիքի անդամներ և այլն)։ Ճապոնիայում գտնվող ԱՄՆ-ի ռազմական կառույցների 70%-ը կենտրոնացած է հենց Օկիանավայում՝ չնայած, որ այն զբաղեցնում է երկրի տարածքի ընդամենը 1%-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.