Մենք հույս ունենք խորացնել Իրանի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները. Պեսկով

Ռուսաստանն Իրանի հետ ունի գործընկերային, ջերմ հարաբերություններ և հույս ունի ապագայում խորացնել կապերը նաև առևտրատնտեսական ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլը համաձայն է Իրանի՝ ահաբեկչական երկիր լինելու մասին Թրամփի հնչեցրած մտքին, ասել է. «Մենք դեմ ենք նման ձևակերպումներին»։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ հեռանկարային չէ խոսել Իսլամական պետության դեմ Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ պայքարի մասին՝ այդ համատեքստում շրջանցելով Իրանի գործոնը։

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը և Իրանն ունեն գործընկերային հարաբերություններ։ Մենք համագործակցում ենք մի շարք հարցերում, գնահատում ենք արևտրատնտեսական ոլորտում ունեցած մեր հարաբերությունները և հույս ունենք, որ դրանք ավելի կխորանան»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանը համարել էր «ահաբեկչական համար առաջին պետություն»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.