FOX News հեռուստաալիքի հաղորդավարը հրաժարվել է ներողություն խնդրել Պուտինին վիրավորելու համար

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավար Բիլ Օ՛Ռեյլին հրաժարվել է առաջիկա տարիներին ներողություն խնդրել Մոսկվայից ՌԴ նախագահին մարդասպան անվանելու համար։ Այս մասին փետրվարի 6-ի իր հաղորդման ժամանակ հայտարարել է հենց ինքը՝ Օ՛Ռեյլին։

«Ես աշխատում եմ, որ կարողանամ ներողություն խնդրել, բայց դա կարող է որոշակի ժամանակ տանել ինձնից», - հեգնանքով հայտարարել է հաղորդավարը՝ ավելացնելով, որ ներողություն խնդրելուն պատրաստ կլինի «երևի 2023 թվականին»։

Ավելի վաղ Բիլ Օ՛Ռեյլին Fox News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» էր անվանել։ Պատասխանելով հաղորդավարի՝ Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության մասին հարցին՝ Թրամփն ասել էր, որ «Ռուսաստանի հետ ավելի լավ է լավացնել հարաբերությունները, քան հակառակը», այնուհետև ավելացրել էր, որ իրենց երկրում էլ շատ մարդասպաններ կան։

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վիրավորական և անթույլատրելի էր համարել հեռուստահաղորդավարի խոսքերը Պուտինի հասցեին։ Պեսկովի խոսքով՝ Կրեմլը ցանկանում է, որպեսզի «նման հարգարժան հեռուստաալիքը ներողություն խնդրի Վլադիմիր Պուտինից վիրավորական բառի համար»։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը չի մեկնաբանել Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության վերաբերյալ հարցին Թրամփի պատասխանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.