ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունն օգուտ կբերի ամբողջ աշխարհին. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարծում է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությունը օգուտ կբերի ինչպես Սիրիային, այնպես էլ՝ ամբողջ աշխարհին։ Այս մասին Ասադը հայտարարել է բելգիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ, հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Ասադի խոսքով՝ դեռ վաղ է ասել՝ Թրամփի վարչակազմը պատրաստ է այդպիսի համագործակցության, թե ոչ։

«Մենք Թրամփից բազմաթիվ խոստումներ ենք լսել նախընտրական քարոզարշավի ժամանակ և դրանից հետո։ Նա ասում է, որ ահաբեկչության՝ հատկապես Իսլամական պետության դեմ պայքարը նրա առաջնահերթություններից է։ Մենք դա ասում ենք արդեն վեց տարի։ Կարծում եմ՝ հույսեր կան, սակայն դեռ վաղ է գործնական առումով ինչ-որ բանի սպասել», - ասել է Սիրիայի նախագահը։

Նա կարծում է, որ խաղաղության հաստատումն առաջին հերթին կապված է զինված խմբավորումներին տրամադրվող աջակցության դադարեցման և սիրիացիների միջև երկխոսության շարունակման հետ։ Սիրիայի առաջնորդը դրական է գնահատել Աստանայի հանդիպման առաջին փուլի արդյունքները։

«Մեր պարտքն է պաշտպանել սիրիացի ժողովրդին ահաբեկիչներից, որոնք հարձակվում են խաղաղ բնակչության վրա, սպանում են նրանց, ոչնչացնում են ամեն ինչ այս երկրում», - ասել է Ասադը։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է գործի դնի ունեցած բոլոր միջոցները «Իսամական պետության», «Ջաբաթ ալ-Նուսրայի» և «Ալ-Քաիդայի» հետ կապված մյուս բոլոր ահաբեկչական խմբավումների դեմ պայքարելու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.