ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը (nkrmil.am) հայտնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

Ավելի վաղ ՊԲ պաշտոնական կայքը գրում էր, որ փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 85մմ-ոց Դ-44 հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածում ադրբեջանական զինուժը Դ-44 հրանոթներից ու ականանետերից ընդհանուր առմամբ արձակել է 47 արկ, որից 22-ը հրանոթներից, 25-ը ականանետերից:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.