Սպիտակ տունը հետաքննում է, թե որտեղից են հրապարակվում Թրամփի՝ մյուս երկրների առաջնորդների հետ հեռախոսազրույցների մանրամասները

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն ուսումնասիրում է, թե որտեղից են մամուլում հայտնվում Թրամփի և մյուս երկրների առաջնորդների հեռախոսազրույցների մանրամասները։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը։

«Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, և այն մեզ անհանգստություն է պատճառում», - Սփայսերի խոսքերը մեջբերում է The Hill պարբերականը։ Նրա խոսքով՝ տեղեկատվության արտահոսքը գործող կարգի և օրենքի խախտում է։

Սպիտակ տան ներկայացուցիչն, այնուամենայնիվ, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ ուսումնասիրություն է կատարվում։ Նա նշել է, ոչ ԱՄՆ-ի նախագահն անձամբ անհանգստացած է ստեղծված իրավիճակով։ «Իհարկե, նա անհագստացած է։ Փաստը, որ նա չի կարող բանակցություններ վարել առանց տեղեկատվության արտահոսքի, մտահոգիչ է», ասել է նա։

Ավելի վաղ Ռոյթերս լրատվականը հայտնել էր, որ Թամփի և Պուտինի՝ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահն անհաջող էր համարել «Ռազմավարական հարձակողական զինատեսակների սահմանափակման մասին» ռուս-ամերիկյան պայմանագիրը (СНВ-3), որն ուժի մեջ էր մտել 2011 թվականին։ Հերթական ճեպազրույցի ժամանակ Սփայսերը հրաժարվել էր անդրադառնալ այդ թեմային՝ նշելով, որ դա երկու երկրների առաջնորդների անձնական խոսակցությունն է։

ԶԼՄ-ները հաղորդել էին նաև, որ Թրամփը կոշտ զրույց է ունեցել Ավստրալիայի վարչապետի և Մեքսիկայի նախագահի հետ։ Սպիտակ տունն ավելի ուշ հերքել էր այս տեղեկատվությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.