Ռուսական կողմը նախօրոք իմացել է Սիրիայում թուրք զինծառայողների գտնվելու վայրը. Թուրքիայի ԶՈՒ ԳՇ

Ռուսական կողմը դեպքից մեկ օր առաջ իմացել է Սիրիայում թուրքական ռազմական հենակետի գտնվելու վայրը։ Այս մասին ասվում է Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

«Մեր ուժերը, որոնց ուղղությամբ փետրվարի 9-ին հարված էր հասցվել, վերջին 10 օրվա ընթացքում գտնվել են նույն վայրում։ Փետրվարի 8-ին, երբ ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքից հրթիռներ արձակվեցին, մեր զինծառայողների կոորդինատները հաղորդվեցին Հմեյմիմ ռազմաբազա։ Նույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդն Անկարայում հրավիրվեց Գլխավոր շտաբ, որտեղ նրան կրկին տրվեց այդ կոորդինատները», - նշվում է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարության մեջ։

«Ցավոք, ահաբեկիչներին հասցված օդային հարվածի ժամանակ մեր զինծառայողներն առաջնորդվել են այն կոորդինատներով, որոնք մեզ տվել են մեր թուրք գործընկերները, և, այդ կոորդինատների համաձայն, այնտեղ չպետք է լինեին թուրք զինծառայողներ», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ  փետրվարի 9-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Սիրիայի Էլ Բաբ քաղաքի մոտակայքում Իսլամական պետության դիրքերը ռմբակոծելու ժամանակ սխալմամբ հարվածել էր մոտակայքում գտնվող թուրքական հենակետերից մեկին։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել էր 3 թուրք զինծառայող, վիրավորվել է՝ 11-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.