ԻՊ զինյալները մահապատժի են ենթարկել 40 խաղաղ բնակչի

Փետրվարի 11-ին Իսլամական պետության ահաբեկիչները մահապատժի են ենթարկել սիրիական Էլ Բաբի 40 խաղաղ բնակչի։ Այս մասին հայտնում է «Ալ Մայդան» հեռուստաալիքը՝ հղում կատարելով կառավարական ուժերի ռազմական տեղեկատվության ծառայության ներկայացուցչի հաղորդած տվյալներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղաղ բնակիչները սպանվել են անմիջապես գերի ընկնելուց հետո։ Էլ Բաբում շրջափակման մեջ գտնվող ԻՊ գրոհայինները խաղաղ բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահան։

Սիրիայի կառավարական զորքերը հարձակվում են Էլ Բաբի վրա հարավային և արևելյան մասերից։ Միևնույն ժամանակ թուրքական զորքերը դաշնակիցների հետ միասին «Եփրատի վահան» գործողության շրջանակներում գրոհում են քաղաքը հյուսիսային և արևմտյան ուղղություններից։

Իսլամական պետության գրոհայինները փաստացի գտնվում են շրջափակման մեջ, սակայն սիրիական և թուրքական զորքերը չեն համակարգում իրենց գործողությունները։ Պաշտոնական Դամասկոսը Սիրիայում թուրքական զորքերի ներկայությունն անօրինական է համարում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.