«Եփրատի վահան» գործողության վերջնական նպատակը Ռաքքան ԻՊ զինյալներից ազատագրելն է. Էրդողան

Փետրվարի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի Զինված ուժերը և սիրիական ընդդիմությունն արդեն մտնում են Էլ Բաբ, սակայն իրենց վերջնական նպատակը Ռաքքան ԻՊ զինյալներից ազատագրելն է։

«Այժմ Էլ Բաբը շրջափակման մեջ է մեր և «Սիրիայի ազատ բանակի» ջոկատների կողմից։ Արդեն կարողանում ենք հասնել քաղաքի կենտրոն։ Իսլամական պետության ահաբեկիչները հեռանում են, սակայն մենք կանգ չենք առնելու։ Մեր վերջնական նպատակը Ռաքքան ԻՊ-ից ազատագրել է։ Այդ քաղաքը նրանց հենակետն է», - ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ Էլ Բաբն ամբողջությամբ ազատագրելուց հետո այնտեղ կվերադառնա քաղաքի նախկին բնակչությունը։ «Մանբիջն, օրինակ, 90%-ով արաբական քաղաք է, բայց այնտեղ տեղաբնիկները չեն ապրում։ «Ազգային ինքնապաշտպանության ջոկատները» (YPG, Սիրիայի քրդեր- խմբ.) գրավել են քաղաքը։ Երբ այս քաղաքներն ազատագրվեն ԻՊ-ից և «ազգային ինքնապաշտպանության ջոկատներից», մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց բնկավայրերը», - ասել է Էրդողանը։

Նշենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ից Թուրքիայի Զինված ուժերը սիրիական ազատ բանակի օժանդակությամբ իրականացնում են «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որի նպատակն է Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս քաղաքն ազատագրել ԻՊ գրոհայիններից: Այս գործողությամբ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսային շրջաններում:

Հիշեցնեն, որ նախորդ տարվա նոյեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում թուրքական բանակի սկսած գործողության նպատակը Բաշար ալ-Ասադին իշխանությունից հեռացնելն է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.