Թրամփի խորհրդականի հրաժարականը կապված է ՌԴ դեսպանի հետ ունեցած հեռախոսազրույցի հետ

Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։ Հրաժարականը կապված է Ֆլինի և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի միջև կայացած հեռախոսազրույցի և դրա շուրջ բարձրացած աղմուկի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլինն ընդունում է, որ ինքը փոխնախագահ Մայք Փենսին և վարչակազմի մյուս անդամներին ակամայից տվել է ոչ ամբողջական տեղեկատվություն ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հեռախոսազրույցի մասին։

Ֆլինի խոսքով՝ պաշտոնավարման կարճ ժամկետում նա բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել օտարեկրյա դեսպանների և նախարարների հետ։ Նա նշել է, որ դա իշխանության փոխանցման կարգն է։

Նախորդ շաբաթ Washington Post պարբերականը գրել էր, որ դեկտեմբերի 29-ին, երբ Օբամայի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ սահմանում էր հերթական պատժամիջոցները, ամերիկյան հատուկ ծառայությունները լսել են Կիսլյակի և ֆլինի հեռախոսազրույցը, որը, ըստ աղբյուրի, հենց պատժամիջոցների մասին էր։ Մեկ ամիս չանցած Ֆլինը դարձավ Թրամփի խորհրդականը։

Թրամփի հակառակորդները, առիթից օգտվելով, մեղադրում էին Ֆլինին օրենք խախտելու մեջ (օրենքն արգելում է մասնավոր անձանց զբաղվել դիվանագիտությամբ)։

Ռիա Նովոստին հայտնում է, որ Թրամփը լիովին աջակցում է Ֆլնին։

Դեմոկրատների խմբակցության ղեկավար Չակ Շումերը պահանջում է անկախ հետաքննություն անցկացնել՝ պարզելու Կիսլյակի և Ֆիլինի հեռախոսազրույցի մանրամասները։

Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոննն այժմ ժամանակավորապես զբաղեցնում է Քիթ Քելոգը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է Թրամփի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.