ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պատրաստվում է հանդիպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում։ Այս մասին Սթոլթենբերգը հայտարարել է Դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես կհանդիպեմ արտգործնախարար Լավրովի հետ Մյունխենում կայանալիք անվտանգության հարցրերով համաժողովի շրջանակներում։ Այդ հանդիպումը նպաստավոր հարթակ կլինի Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման համար։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը»,- ասել է Սթոլթենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՌԴ արտգործնախարարի հետ կքննարկվեն մի շարք հարցեր, անդրադարձ կկատարվի Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Սթոլթենբերգը պատրաստակամություն է հայտնել նաև Լավրովի հետ քննարկել կողմերի միջև աճող լարվածությունը կանգնեցնելու հարցը։

Նշենք, որ անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովը կկայանա փետրվարի 17-19-ը։ Կազմակերպիչների հայտնած տվյալների համաձայն՝ դրան կմասնակցեն ավելի քան 500 քաղաքական գործիչ ամբողջ աշխարհից։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ՕքսՖորդի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է «հաշտվի» դաշինքի ընդլայնման հետ:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.