Թրամփն ակնկալում է, որ Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանը Ղրիմը կվերադարձնի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։

«Նախագահ Թրամփը հստակ կերպով հասկացրել է, որ ինքը սպասում է, որ ռուսական իշխանությունները կթուլացնեն բռնություններն ու Ղրիմը կվերադարձնեն Ուկրաինային», - ասել է Սփայսերը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ վարչակազմերի՝ Թրամփը փորձում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։ «Հակառուսական պատժամիջոցների ռազմավարությունը, սակայն, կմնա անփոփոխ», - ասել է Սփայսերը։

Նշենք, որ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Նա նշել էր, որ դա օգուտ կբերի երկու երկրներին։ Միևնույն ժամանակ ամերիկացի մի շարք սենատորներ նախատեսում են Կոնգրես ներկայացնել մի օրինագիծ, որը կարգելափակի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու Թրամփի հնարավորությունը։

2014 թ. ԱՄՆ-ն և Եվրոպական Միության երկրները սկսեցին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ այն կապելով Ղրիմի ՌԴ-ին միանալու և Ուկրաինայի հարավարևելքում տիրող իրավիճակի հետ։ Սկզբում անհատական պատժամիջոցներ էին կիրառվում ֆիզիկական անձանց նկատմամբ, իսկ հետո արդեն դրանց մասշտաբները մեծացան՝ սահմանափակելով տնտեսության կոնկրետ ոլորտներ։

Ըստ Արևմուտքի՝ պատժամիջոցները չեղարկելու համար Ռուսաստանից պահանջվում է կատարել Մինսկի համաձայնագրի դրույթները։ Եվրոպական մի քանի երկիր՝ Հունգարիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան և Իտալիան, կողմ են հանդես գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելուն։

Կրեմլն անհեթեթություն է որակում պատժամիջոցների չեղարկումը Մինսկի համաձայնագրի դրույթների կատարման հետ կապելը, քանի որ իրեն չի համարում հակամարության կողմ։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.