Արևմուտքն իրավունք չունի որոշել Սիրիայի ապագան. Ասադ

Արևմուտքն իրավունք չունի սիրիացիների փոխարեն որոշել Սիրիայի ապագան։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ֆրանսիական Europe-1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։

«Արևմուտքը չի կարող որոշել, թե որն է լավ Սիրիայի համար՝ ես, թե Իսլամական պետությունը։ Դա կարող են անել միայն Սիրիայի քաղաքացիները։ Արևմուտքը պետք է մտածի, թե ինչպես պաշտպանել իրենց ժողովրդին ահաբեկչության վտանգից։ Մենք արդեն տեսանք, թե ինչպես ծայրահեղականները հարված հասցրեցին Ֆրանսիային և Գերմանիային», - ասել է Ասադն՝ ավելացնելով, որ Արևմուտքը հենց սկզբից սխալ թույլ տվեց՝ օգնություն ցույց տալով ընդդիմությանը։

Ասադի խոսքով՝ սկզբում ընդդիմությունը ներկայացվում էր որպես խաղաղ ցուցարարներ, իսկ հետո պարզ դարձավ, որ վերջիններս զինված ահաբեկիչներ են։

Սիրիայի նախագահը նշել է, որ իրենք համագործակցում են Ֆրանսիայի հատուկ ծառայությունների հետ՝ չնայած, որ Դամասկոսի և Փարիզի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։

Պաշտոնական Փարիզը խզել է Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները դեռևս 2012 թ.՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.