Հետաքրքիր զարգացումներ Պոլսո հայոց պատրիարքարանում. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հանել է իր թեկնածությունը

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է ներկայացել։ Որպես հրաժարականի գխավոր պատճառ Մաշալյանը նշել է Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վարքը։ Այս մասին գրում է «Ագօս»-ը։

Մաշալյանն իր հրաժարականի մասին տարածած հայտարարության մեջ նշել է, որ Արամ Աթեշյանը խոստացել էր դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան պատրիարքի ընտրություններ անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Ավելի ուշ, սակայն, Աթեշյանը հրաժարվել էր դիմել՝ պատճառաբանելով, որ նահանգապետարան դիմելու կարիք չկա, քանի որ Էրդողանը ցանկանում է, որպեսզի պատրիարքի ընտրություներն անցկացվեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո։

Եպիսկոպոս Մաշալյանը վրդովմունք է հայտնել, որ հայոց եկեղեցու ավելի քան 1700-ամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ եկեղեցին մնում է առանց պատրիարք կամ առանց կաթողիկոս, և դրա մեղավորը, ըստ Մաշալյանի, միայն արքեպիսկոպոս Աթեշյանն է։

Հրաժարականի հայտարարության վերջում Մաշալյանը նշել է, որ հանում է իր թեկնածությունը պատրիարքի ընտրություններից և ավելացրել է, որ ցանկանում է որոշ ժամանակով հեռանալ քաղաքից՝ մեղադրելով ժողովրդին իրեն միայնակ թողնելու մեջ։

Նշենք, որ այս տարվա հունվարի 17-ին Պոլսի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրիօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել պատրիարքի ընտրությունների հարցը։ Էրդողանն ասել է, որ պատրիարքի ընտրություններով կարող են զբաղվել միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա ապրիլին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.