Իրաքի Զինված ուժերը գրոհում են Մոսուլի օդանավակայանը

Իրաքի կառավարական ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Մոսուլի օդանավակայանի և քաղաքի հարավարևելքում գտնվող Ալ Գազլյանի ռազմաբազայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ 

Աղբյուրի համաձայն՝ դաշնային ոստիկանության ստորաբաժանումները և արագ արձագանքման ուժերը ավիացիայի և ծանր հրետանու օժանդակությամբ տարբեր կողմերից գրոհում են Մոսուլի օդանավակայանը՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանական ամրությունների մեծ մասը։  

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր Մոսուլի արևմտյան մասն ահաբեկիչներից ազատագրելու գործողության մեկնարկի մասին։

Արևելյան Մոսուլն ամբողջովին ազատագրվել է ԻՊ զինյալներից Իրաքի Զինված ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից նախորդ տարվա հոկտեմբերին սկսած համատեղ գործողության արդյունքում։

Նշենք, որ 2014 թ. հունիսից Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է և համարվում է Իրաքում ԻՊ կենտրոնը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.