Ռուսաստանը սպասում է, որ ԱՄՆ-ն կոնկրետություն մտցնի Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ իր ծրագրում. Լավրով

Ռուսաստանը սպասում է, որ ԱՄՆ-ն կոնկրետություն մտցնի Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ իր նախաձեռնած ծրագրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այդ հարցը քննարկել ենք Ռեքս Թիլերսոնի հետ փետրվարի 16-ին Բոնում կայացած հանդիպման ժամանակ։ Ամերիկյան կողմը հավաստիացրեց, որ այդ ծրագիրը մշակման փուլում է։ Սպասում ենք լրացուցիչ տեղեկությունների», - ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ անվտանգության գոտիների ստեղծումը պետք է համաձայնեցնել տվյալ երկրի իշխանությունների հետ, այլապես շատ բարդ կլինի այդ ծրագիրն իրագործել։

«Մենք պատրաստ ենք քննարկել ԱՄՆ-ի կողմից արվող այլ առաջարկներ ևս։ Դրա հետ կապված ԱՄՆ-ի նախագահը, ինչպես նաև Սպիտակ տան ներկայացուցիչն ասել են, որ պատրաստակամ են համագործակցել մեզ հետ սիրիական հակամարության կարգավորման հարցում», - նշել է Սերգեյ Լավրովը։

Նշենք, որ այս տարվա հունվարին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել՝ իրենց բնակավայրերը լքած սիրիացիներին այնտեղ բնակեցնելու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.