Թուրքիայի տարածքում ընկած սիրիական կործանիչի օդաչուն հայտնել է, որ ինքաթիռը խոցվել է
Սիրիական ռազմաօդային ուժերի ՄԻԳ-21 կործանված ինքնաթիռի օդաչուն պնդում է, որ օդանավն ընկել է խոցվելու պատճառով։ Այս մասին հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը։
Օդաչուն թուրքական իշխանությունների ներկայացուցիչներին հայտնել է, որ մարտական առաջադրանքով թռիչք էր իրականացնում Լաթաքիայից Իդլիբ, երբ ինքնաթիռը խոցվեց։
Նշվում է, որ օդաչուն 56-ամյա Մեմեդ Սուֆհանն է։ Ինքնաթիռի կործանման հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ. բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար։
Նշենք, որ մարտի 4-ի երեկոյան Սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻԳ-21 տեսակի օդանավն ընկել էր Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի տարածք։
Սիրիայի ընդդիմադիր «Ահրար ալ-Շամ» խմբավորման անդամները հայտարարել էին, որ ռազմական ինքնաթիռը կործանվել է իրենց հասցրած հարվածից։
Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածը չեն համարում օդային սահմանի խախտում՝ ընդունելով, որ ինքնաթիռն իրենց երկրի տարածք է ընկել տեխնիկական անսարքության կամ այլ պատճառով։